«Ընթերցող Երեւան» խորագրով գրքերի բացօթյա տոնավաճառը արդեն երկրորդ տարին անընդմեջ «Երեւանյան ամառ 2015» ծրագրի միջոցառումներից է։ Գրքերի երկօրյա տոնավաճառ-ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ Քաղաքապետի տեղակալը շրջել է տոնավաճառում, ծանոթացել տաղավարների առաջարկներին։ «Ընթերցող Երեւան» գրքերի բացօթյա տոնավաճառին մասնակցում են մայրաքաղաքում գործող գրախանութները, հրատարակչությունները, գրադարանները, Երեւանի գրողների միությունը, ինչպես նաեւ բազմաթիվ ասմունքողներ, գրքասերներ, գրենական պիտույքների վաճառքով զբաղվող կազմակերպություններ։
«Ամռանը Երեւանում բազմաթիվ են միջոցառումները. «Երեւանյան ամառ 2015»-ում ընդգրկված են ամենատարբեր հետաքրքրություններն ունեցող երեխաներին ու մեծահասակներին հետաքրքրող միջոցառումներ։ «Երեւանյան ամառ»-ն արդեն երրորդ տարին է` իրականացնում ենք, եւ ծրագրի ամենամեծ արձագանք ունեցած միջոցառումները դառնում են ավանդական։ «Ընթերցող Երեւան» խորագրով գրքերի բացօթյա տոնավաճառը դրանցից մեկն է։ Շատ հաճախ խոսվում է, որ ընթերցասիրությունը նահանջում է, բայց պետք է փաստենք, որ վերջին շրջանում գիրքը վերադառնում է իր բարձրադիր տեղը եւ դրանում մեծ է նաեւ հրատարակիչների ու գրախանութների դերը։ Այսօր ուշադրության կենտրոնում են նաեւ գրադարանները։ Վերջին երեք տարիներին Երեւանի քաղաքապետարանը մեծածավալ ծրագրեր է իրականացնում մայրաքաղաքի գրադարաններում՝ վերանորոգման, հիմնանորոգման, ինչպես նաեւ գրաֆոնդերի համալրման ուղղությամբ»,- նշել է քաղաքապետի տեղակալը։
«Ընթերցող Երեւան» տոնավաճառում հրատարակչություններն ու գրախանութները գրքասեր, ընթերցասեր այցելուներին ներկայացրել են բազմազան ու բազմալեզու գրականություն, այդ թվում եւ նորատիպ գրքեր, մանկական գրականություն։ Իսկ գրադարանների համար տոնավաճառը ոչ միայն ընթերցասերներին իրենց գրաֆոնդը ծանուցելու միջոց է, այլեւ հրատարակչությունների ու գրախանութների առաջարկած նորույթներին ծանոթանալու եւ գործընկրային կապեր ձեռքբերելու լրացուցիչ հնարավորություն։
Գրքի տոնավաճառի օրերին նախատեսված են նաեւ գրքերի շնորհանդեսներ՝ հեղինակների մասնակցությամբ, ինչպես նաեւ գրական հանդիպումներ գրողների հետ։
Երեւանի Միսակ Մանուշյանի անվան պուրակում ընթացող «Ընթերցող Երեւան» խորագրով գրքերի բացօթյա տոնավաճառը երկօրյա է եւ կգործի նաեւ հուլիսի 11-ին։




























