Այսօր` հուլիսի 10-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի  մշակույթի հարցերով օգնական Ալֆրեդո Պերես դ՚ Արմինիանի հետ:

 Նախարարը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակի շրջանակներում «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. Մշակույթի դերը «Ետ-2015 թ. զարգացման օրակարգում» 3-րդ միջազգային խորհրդաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար։

Կարեւորելով համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ Հասմիկ Պողոսյանն ընդգծել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպություն է, որն այս արագ փոփոխվող աշխարհում կարեւորագույն առաքելություն է իրականացնում՝ մշակույթի եւ կրթության, ազատ արտահայտման իրավունքի  պահպանման գործում. «Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեությանը մշակութային արժեքների պահպանության հարցում։  Այս այցով դուք հնարավորություն կունենաք ճանաչելու մեր երկիրը, մեր մշակույթը, եւ հետագայում մեր համագործակցությունն ավելի ակտիվ կլինի»,- նշել է Հասմիկ Պողոսյանը՝ ընդգծելով, որ մերօրյա աշխարհում անգերագնահատելի է մշակույթի դերն ու նշանակությունը։

«Ներկայում Սիրիայում ոչնչացվում են հուշարձաններ, այդ թվում՝ նաեւ հայկական։ Եվ մենք  հավասարապես մտահոգվում ենք բոլոր հուշարձանների ճակատագրով։ Վստահ եղեք, որ Հայաստանը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները` զինված ընդհարումների դեպքում մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման եւ սեփականության իրավունքի փոխանցման արգելումն ու կանխումն ապահովելու նպատակով»,- նշել է Հասմիկ Պողոսյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում ինքը լավատես է, քանի որ ոչ մեկին դեռեւս չի հաջողվել ավերել մշակութային աշխարհը։

Ալֆրեդո Պերես դ՚ Արմինիանի խոսքով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2 գաղափարի կողմնակից է՝ միացյալ համերաշխ աշխարհի եւ միեւնույն ժամանակ մշակութային բազմազանության եւ բազմաքանակության.

«Մշակույթը բազմաբովանդակ երեւույթ է եւ ինչպես «Ետ-2015 թ. զարգացման օրակարգում» է նշվում, մշակույթի պահպանման եւ բազմազանության համար կարեւոր է մշակութային ինքնության գիտակցումը: Ցավալի է, որ հազարամյակի նպատակների ցանկում (Millenium Development Goals) մշակույթին պատշաճ ուշադրություն չեն դարձրել եւ շեշտը դրել են հիմնականում տնտեսական զարգացման վրա»,- նշել է Ալֆրեդո Պերես դ՚ Արմինիանը:

«Շատ կարեւոր է մշակույթի զարգացումը. հասարակության մտավոր զարգացումը մեր ապագան է, աշխարհի վաղվա քաղաքացին է, ինտելեկտուալ մարդը, ով չի կործանելու աշխարհը»,- ասել  է Հասմիկ Պողոսյանը եւ հավելել, որ հարյուրամյակներ ի վեր Հայաստանը չի ունեցել պետականություն, սակայն զարգացել է այն հայ անհատների շնորհիվ, ովքեր ինտեգրվելով եվրոպական մշակույթի մեջ՝ զարգացրել են այն։

«Մենք բազմաթիվ մշակույթներից մեկն ենք եւ այդ իրավահավասարության սկզբունքները շատ կարեւոր են մեզ համար: Դրա ապացույցները շատ են մեր երկրում՝  հրեական գերեզմանը, Կապույտ մզկիթը, թուրքմենական դամբարանը եւ այլն»,- նշել է Հասմիկ Պողոսյանը:

ՀՀ մշակույթի նախարարի խոսքով` մենք ամեն ինչ անում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական եւ համաշխարհային ժառանգության ցանկերը հայկական ավանդական մշակույթի տարրերով համալրելու ուղղությամբ։

 «Մեր երկիրը գեղեցիկ է, հիանալի, ջերմ, արեւոտ։ Ով մեկ անգամ այցելում է, հետո մշտապես ցանկություն է ունենում վերադառնալու»,- եզրափակել է Հասմիկ Պողոսյանը։

Հանդիպման ավարտին Հասմիկ Պողոսյանը Ալֆրեդո Պերես դ՚ Արմինիանին նվիրել է  հայկական դուդուկ եւ Թորոս Ռոսլինին նվիրված հուշադրամ։

Ալֆրեդո Պերես դ՚ Արմինիանը շնորհակալություն է հայտնել հրավերի, համագործակցության եւ ցուցաբերած մեծ պատրաստակամության համար եւ խոստացել կրկին վերադառնալ։