ՀՀԿ-ականների անվան հետ կապված վերջին միջադեպերի մասին իրականությունը կարող են ասել միայն իրավապահ մարմինները: Այս մասին այսօր` օգոստոսի 20-ին, ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողներին ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` անդրադառնալով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ կապված վերջին միջադեպերին:

«Նման դեպքերում եթե մարդուն մեղադրում են լուրջ արարքի մեջ, անհրաժեշտ է, որ իրավապահ մարմինները կատարեն բոլոր քայլերը, որպեսզի բացահայտեն իրականությունը: Գաղտնիք չէ, որ բազմաթիվ դեպքեր են լինում, որ մարդկանց մեղադրում են հանիրավի: Կարող է մարդը անմիջական որեւէ մասնակցություն չունենալ, յուրաքանչյուրս առիթ ունեցել ենք անցնել նման իրավիճակով, այդ թվում եւ ես: Եւ ամենավտանգավոր բանը կհամարեի, որ ընդամենը ասեկոսեների եւ ընդամենը հայտարարությունների հիման վրա կատարվեն խորը եզրակացություններ: Այնուամենայնիվ, հասկանալով, որ հանրային հետաքրքրություն կա, խորհուրդ կտայի նաեւ ձեզ սպասել իրավապահ մարմիների կողմից արված հայտարարություններին»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Էյր Արմենիա» ավիաընկերության 51 տոկոսի սեփականատեր եւ տնօրեն Արսեն Ավետիսյանի կինը հայտարարել էր, որ ամուսնուն ծեծել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները՝ 7-8 հոգով, մեծ թվով մարդկանց ներկայությամբ: Այսօր Արմեն Ավետիսյանը հայտարարել էր, որ պատրաստ է ընդունել հաշտության առաջարկը եւ միջադեպի հետ կապված բողոք չի ներկայացնելու:

Օրերս նաեւ տեղեկություն էր տարավել, որ «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին և նրա կնոջը իրենց տանը մի խումբ անձինք ծեծի են ենթարկել: Վահան Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ օգոստոսի 15-ին երեկոյան իրենց ծեծի են ենթարկել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի մտերիմներն ու թիկնազորի ներկայացուցիչները:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով: