Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը վերջերս անցյալ տարվա արտաքին առեւտրի մասին տեղեկատվություն հրապարակեց՝ տարբերակված իրավաբանական եւ ֆիզիկական անձանց մասով: Դատելով այդ տվյալներից՝ մեր երկրի արտաքին առեւտրի ծաղկման գործում «ֆիզիկական անձանց» ներդրումը բավական մեծ է:
Անցյալ տարի արտահանման մեջ նրանց մասնաբաժինը կազմել է 1.6%, ներկրման մեջ՝ 5.5%: Նշենք, որ 2014 թվականին ընդհանուր ծավալներով ներկրումը գրեթե 2.9 անգամ գերազանցել է արտահանումը: Այդ պատառով «ֆիզիկական անձանց» գծով այդ հարաբերակցությունը հասնում է գրեթե 10 անգամի: Գաղտնիք չէ, որ այդ «ձեռքբերումն» ուղղակիորեն կապված է թեթեւ մարդատար ավտոմեքենաների ներկրման հետ:
Այսպես, «ֆիզիկական անձանց» կողմից իրականացված ներկրման գրեթե 90%-ը բաժին է ընկել թեթեւ մարդատար ավտոմեքենաներին, որոնց զգալի մասը՝ օգտագործված մոդելներին: Նշենք, որ ներկրված մեքենաների մաքսային արժեքը գրեթե 218 մլն դոլար է:
Իհարկե, նաեւ ներկրման եւ վաճառքի միջեւ ժամանակային տարբերություն գոյություն ունի: Այսինքն՝ անցյալ տարի ներկրված ավտոմեքենաների մի մասը կարող է իրացված լինել ընթացիկ տարում: Սակայն նույն հաջողությամբ կարելի է կարծել, որ անցյալ տարի վաճառված մեքենաների մի մասը ներկրվել է 2013 թվականին:
Միաժամանակ, անցյալ տարի մեքենաների վաճառքի ծավալների մասին պաշտոնական վիճակագրության ցուցանիշը շատ ավելի պակաս է՝ «ընդամենը» 88.2 մլրդ դրամ: Հաշվի առնենք նաեւ, որ այս ցուցանիշը, բացի ավտոմեքենաների իրացումից (ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց կողմից) իր մեջ ներառում է ավտոպահեստամասերի վաճառքը, ինչպես նաեւ տեխսպասարկման եւ վերանորոգման ծախսերը:




























