Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 00.41-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մանանդյան եւ Նիզամի փողոցների խաչմերուկում՝ «Դավթի» պանդոկի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Լexus RX 330» մակնիշի 11 MT 112 (վարորդ՝ 24-ամյա Տիգրան Հ.) եւ «Volkswagen Golf» մանիշի 34 VM 185 համարանիշների (վարորդ՝ 31-ամյա Արթուր Մ.) ավտոմեքենաները:

Հարվածի հետեւանքով Volkswagen-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց հայտնվել մայթին՝ տապալելով հետիոտնի համար նախատեսված նշանը ու բախվել շենքի պատին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արթուր Մ.-ը եւ ուղեւոր` 25-ամյա Լիլիթ Մ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Երեւան» բժշկական կենտրոն, որտեղ Արթուր Մ.-ն ստանալով առաջին բուժօգնություն դուրս է գրվել, իսկ Լիլիթ Մ.-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները փակել են «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի գազի փականը եւ հոսանքազրկել ավտոմեքենաները: