Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը CBS եւ PBS ամերիկյան հեռուստաալիքների լրագրող Չարլի Ռոուզի հետ զրույցում առանձնացրել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի տապալման գործում ԱՄՆ դերը։ Հարցին, թե նա կարծում է, որ ԱՄՆ-ը կապ ունի Վիկտոր Յանուկովիչի տապալման եւ Ռուսաստան փախուստի հետ, Պուտինը պատասխանել է. «Ես դա հաստատ գիտեմ»։ Իսկ թե որտեղից նա նման տեղեկություն ունի, նախագահը ընդհանուր պատասխան է տվել. «Շատ պարզ է։ Մենք կապեր ունենք Ուկրաինայում ապրող մարդկանց հետ։ Եվ մենք գիտենք, թե ով, որտեղ, երբ է հանդիպել, ում հետ է աշխատել, որքան են վճարել մարդկանց, որոնք տապալել են Յանուկովիչին։ Ինչպես է դա պատրաստվել, որ երկրներից էին գալիս հրահանգները։ Մենք ամեն բան գիտենք»,- մեջբերում է Պուտինի խոսքը «Վեդոմոստի»-ն։
Պուտինը «Ռուսաստանի գերտերություն» լինելու մասին դիտարկումներից հետո անդրադարձել է Ուկրաինայի խնդրին։ Ամերիկացի լրագրողի դիտարկմանը, որ Պուտինը հպարտանում է Ռուսաստանով եւ հետեւաբար ցանկանում է, որպեսզի իր երկիրը էական դեր խաղա ողջ աշխարհում, իսկ Սիրիայի հարցում Մոսկվայի քաղաքականությունը դրա վառ օրինակն է, ՌԴ նախագահը պատասխանել է. «Դա ինքնանպատակ չէ։ Ես հպարտանում եմ Ռուսաստանով։ Սակայն մենք միջազգային հարթակում Ռուսաստանի գերտերության մասին ֆետիշ չունենք»։ Պուտինը համաձայնվել է լրագրողի այն դիտարկման հետ, որ Ռուսաստանը իշխող տերություններից մեկն է, քանի որ միջուկային զենք ունի, եւ Ռուսաստանն ուժ է, որի հետ պետք է հաշվի նստել։ «Ես հուսով եմ, որ այդպես է, հակառակ դեպքում, ինչի՞ համար է մեզ պետք այդ զենքը»,- ասել է Պուտինը եւ դրանից հետո անցում կատարել Ուկրաինայի խնդրին, որը, նրա կարծիքով, առանձին խնդիր է։
Պուտնը նշել է, որ Մոսկվայի համար բացարձակ անընդունելի է նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում ներքաղաքական խնդիրները այսպես կոչված «գունավոր հեղափոխությունների» միջոցով լուծելը։ Հարցին, թե հարգում է նա արդյոք Ուկրաինայի ինքնիշխանությունը, Պուտինը հաստատական պատասխան է տվել։ «Իհարկե։ Բայց մենք կուզեինք, որ մյուս երկրները նույնպես հարգեին այլ երկրների ինքնիշխանությունը, այդ թվում՝ Ուկրաինայի։ Իսկ ինքնիշխանություն հարգել նշանակում է թույլ չտալ պետական հեղաշրջումներ, հակասահմանադրական գործողություններ եւ լեգիտիմ իշխանությունների տապալումներ»,- ասել է նա։
Ուկրաինայի սահմաններում Ռուսաստանի ռազմական ներկայությունը եւ պնդումները, թե ռուսական զորքը գտնվում է սահմանակից պետության տարածքում, փաստարկ չէ, կարծում է Վլադիմիր Պուտինը։ «Դուք Եվրոպայում ռազմական ներկայություն ունե՞ք»,- հարցրել է ՌԴ նախագահը ամերիկացի լրագրողին եւ դրական պատասխան ստանալով՝ հավելել. «Եկեք չմոռանանք, որ Եվրոպայում է գտնվում ԱՄՆ տակտիկական միջուկային զենքը։ Ի՞նչ է դա նշանակում։ Որ դուք օկուպացրե՞լ եք Գերմանիան, թե պարզապես զավթիչ զորքերը կերպարանափոխել եք ՆԱՏՕ-ի զորքերի։ Եթե մենք մեր զորքերը պահում ենք որեւէ պետության սահմանին, դուք կարծում եք, որ դա հանցագործությո՞ւն է»։





























