Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության (ԿԱՀ) մայրաքաղաք Բանգիում սեպտեմբերի 28-ին, բանտից ավելի քան 500 բանտարկյալ է փախել: Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Հաղորդվում է, որ նրանցից 60-ը շատ վտանգավոր հանցագործներ են, հիմնականում հակամարտող խմբավորումների՝ մահմեդական «Սելեկայի» եւ քրիստոնեական «Անտի Բալաքայի» գրոհայիններ:
Անկարգությունները ԿԱՀ-ում բռնկվել են, երբ երկրի անցումային նախագահ Կատրին Սամբա Պանսան ուղեւորվել է Նյու Յորք՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու:
Իրավիճակի լարման առիթը եղել է մահմեդականի մահը, որի մարմինը հայտնաբերվել է մզկիթի մոտ: Մահմեդական գրոհայինները հարձակվել են քրիստոնեական թաղամասի վրա, բախումների հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է մահացել:
Երկուշաբթի մարդիկ հավաքվել են Բանգիի կենտրոնում, որպեսզի երթով շարժվեն դեպի նախագահական պալատ: Նրանց վրա կրակ են բացել, մահացել է առնվազն 6 մարդ: Ցուցարարները մեղադրում են խաղաղապահներին, որոնք փորձել են կրակելով ցրել ցույցը:





























