Սահմանադրական բարեփոխումների «Այո» քարոզարշավի տակտիկան կորոշվի հոկտեմբերի 5-ից հետո: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:
«Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովում ականատես կլինենք, թե ինչ փոփոխություններ է կրել Սահմանադրության նոր նախագիծը: Քվեարկությունից հետո արդեն ակտիվ քարոզարշավ է սպասվում, թե «Այո»-ի, թե մեր ընդդիմադիր գործիչների կողմից, որոնք սկսել են հանրահավաքներ անցկացնել: Կարծում եմ՝ շատ կարեւոր է, որ մեր քաղաքացիներն ամենայն մանրամասնությամբ ծանոթանան նախագծին, սպասվելիք փոփոխություններին»,- ասաց Արտակ Դավթյանը:
Մեր հարցին, թե հնարավոր է քարոզարշավի ընթացքում ՀՀԿ-ին միանան այլ քաղաքական ուժեր, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Բնական է, որ եթե «Այո»-ի շուրջ հավաքված ուժերը կամ ուժերի ներկայացուցիչներ ցանկություն հայտնեն՝ ՀՀԿ-ի հետ այցելելու այս կամ այն մարզ կամ հավաքատեղի, ապա մենք դեմ չենք լինի: Սակայն քարոզարշավի տակտիկայի մասին կխոսենք հոկտեմբերին կայանալիք քվեարկությունից հետո»:
Նշենք, որ Սահմանադրության նոր նախագիծն օգոստոսի 29-ին ուղարկվել է Ազգային ժողով: Հոկտեմբերի 5-ին այն ամենայն հավանակությամբ կդրվի քվեարկության:





























