Բացի նախօրեին հայտարարված 3 զոհերից, Ադրբեջանի բանակը ունեցել է եւս 6 կորուստ: Այս մասին հայտարարություն է տարածել ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:

Հայտարարությունում մասնավորապես, ասվում է.

«Երեկ` սեպտեմբերի 28-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած հերթական առճակատման արդյունքում ադրբեջանական կողմը տվել է 3, իսկ հայկական կողմը` 7 կորուստ, ինչպես արդեն հաղորդել ենք, ոչ միայն չէր համապատասխանում իրականությանը, այլեւ իր սովորության համաձայն, պաշտոնական Բաքուն փորձել է սեփական կորուստների իրական թիվը վերագրել ղարաբաղյան կողմին:

Ինչպես հայտնի է դարձել պաշտպանության բանակի համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալներից, բացի արդեն նախօրեին հայտարարված զոհերից, ադրբեջանական բանակը սեպտեմբերի 28-ին ունեցել է եւս 6 կորուստ` Շահիյար Ալի օղլու Ույադով /զորակոչվել է 13.01.2015/, Էյուբ Աբդուլլա օղլու Ռամազանով /զորակոչվել է 28.04.2015/, Նիջաթ Մեհման օղլու Յարաեւ /զորակոչվել է 08.12.2014/, Ահմեդ Ջիվանշիր օղլու Էյուբով /զորակոչվել է 08.12.2014 /, Էլվին Մուշրու օղլու Յուսուֆով /զորակոչվել է 15.12.2014/ եւ Սամիր Սաբիր օղլու Ահմեդով /զորակոչվել է 18.07.2014/:

Կատարվածը ցույց է տալիս, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը շարունակում է թաքցնել իր իրական կորուստները` սեփական հանրությանը մոլորության մեջ պահելու եւ ընտրած հանցավոր մարտավարության անհաջողությունները քողարկելու նպատակով:

Չնայած վերոնշված կորուստների փաստին, հակառակորդը սեպտեմբերի 28-ին եւ լույս 29-ի գիշերը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 /76 արկ/, 82 /31 արկ/, եւ 120մմ /5 արկ/ ականանետերից ու ՀԱՆ-17  /15 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց:

Վերոնշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաեւ TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք /11արկ/:

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են իրենց առջեւ դրված մարտական խնդիրը եւ անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ գործողությունների»: