Հայաստանի Զինված ուժերն արդեն կարողանում են կանխորոշել հակառակորդի գործողությունները ու արժանի հակահարված տալ: Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով վերջին օրերի լարվածությանը:
«Հակառակորդը միջազգային մեծ ու փոքր առիթներին սրում է իրավիճակը, մենք դա գիտենք: Վերջին մեկ տարում Ադրբեջանը սրում է իրավիճակը ոչ միայն շփման գծում, այլեւ հայ-ադրբեջանական սահմանին: Կարծում եմ՝ ադրբեջանցիները պատանդ են դարձել իրենց իշխանությունների վարած քաղաքականության ձեռքին, նույնիսկ իրենց անցյալից դասեր չեն քաղում. Մենք մի անգամ պատերազմել ենք, որն ավարտվել է Ադրբեջանի ջախջախիչ պարտությամբ»,- ասաց Արտակ Դավթյանը՝ նշելով, որ Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանի մոտ բաց վերք է մնացել, որը լայնածավալ պատերազմի դեպքում սկսելու է արնահոսել:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գագաթնաժողովի նախօրեին իրավիճակը լարվել է հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Սեպտեմբերի 24-ին հակառակորդը գնդակոծել է հայկական գյուղերը, ինչի հետեւանքով 3 խաղաղ բնակիչ է զոհվել:
Սեպտեմբերի 25-ին էլ Ադրբեջանի հրետակոծության հետեւանքով ԼՂՀ-ում 4 զինծառայող էր մահացել, 16-ը վիրավորվել:




























