Արմենչիկը թե Հայաստանում, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներում հավաքում է լեփ-լեցուն դահլիճներ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում շնորհեցին:
«Ինքս չեմ լսում Արմենչիկին, սակայն սա չի նշանակում, որ չպիտի հարգես այն մարդկանց, որոնց համար Արմենչիկը կուռք է: Փաստ է, որ այս երգիչը լեփ-լեցուն դահլիճներ է հավաքում թե ԱՄՆ-ում, թե Հայաստանում»,- ասաց Արտակ Դավթյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, երգարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգիչ Արմեն Հարպետի Գոնդրաչյանին (Արմենչիկ) շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:




























