Տնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշներն այսօր, դեռեւս չեն համապատասխանում Հայաստանի եւ Շվեդիայի տնտեսական փոխգործակցության առկա մեծ ներուժին: Այս մասին սեպտեմբերի 28-ին, Նյու Յորքում Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա բարձր է գնահատել հայ-շվեդական համագործակցությունը, որը, ըստ նրա, վերջին տարիներին նկատելի զարգացում է արձանագրել՝ նշանավորվելով արտաքին գերատեսչությունների ղեկավարների ակտիվ երկխոսությամբ, դեսպանությունների բացմամբ, բազմաբնույթ փոխայցերի իրականացմամբ:

ՀՀ նախագահը եւ Շվեդիայի վարչապետը հայ-շվեդական համագործակցության օրակարգում կարեւոր տեղ են վերապահել Հայաստան-ԵՄ հարաբերություններին եւ փոխգործակցությանը: Հանրապետության նախագահն ընդգծել է Շվեդիայի՝ որպես Արեւելյան գործընկերության համահեղինակ երկրի դերակատարումը Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում:

Զրուցակիցները նշել են երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը, ընդգծելով, որ տնտեսական փոխգործակցության առկա մեծ ներուժի ամբողջական բացահայտման համար, կողմերի համոզմամբ, անհրաժեշտ է պետական մակարդակով խթանել փոխադարձ շփումները, տեղեկատվության փոխանակումը, ձեւավորել իրավական լիարժեք բազա, կազմակերպել գործարար համաժողովներ։

Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է Շվեդիայի հավասարակշռված մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

Կողմերն անդրադարձել են նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցերի:

Սերժ Սարգսյանը եւ Ստեֆան Լյովենը կարեւորել են բարեկամ երկու երկրների միջեւ խորհրդարանական համագործակցության ակտիվացումը: