Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը կարծում է, որ պետք է պայքարել Հայաստանում տիրող անարդարությունների դեմ, ոչ թե գործող Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու նախագծի։ Լրագրողների հետ զրույցում, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Տիգրան Կարապետյանը նշեց, որ Սահմանադրական բարեփոխումների գնալով՝ ՀՀԿ-ն փորձում է իր կյանքը երկարեցնել։

«Պարզ է, որ մենաշնորհային կուսակցությունը ձգտում է երկարեցնել իր կյանքը, ու նրան հաջողվելու է դա անել, որովհետեւ ինչքան էլ որ պայքարում ենք, վերջում այս կուսակցությունն անում է այն, ինչ ուզում է անել, մինչեւ հիմա ի՞նչ չի կարողացել անցկացնել։ Ես, ընդհանրապես այս հարցում չեզոք մոտեցում ունեմ, ինձ համար կարեւոր է, որ ազգովի պայքարենք երկրում տիրող անարդարությունների դեմ, ոչ թե առանձին-առանձին խնդիրների վրա կենտրոնանանք»,-ասաց նա։

Տիգրան կարապետյանը նշեց, որ ինքը սատարում է յուրաքանչյուր ուժի, որոնք պայքարում են գործող իշխանությունների դեմ, սակայն այնքան էլ չի հավատում, որ Հայաստանում այդպիսի ուժ կա։

«Մենք ընդդիմություն չունենք, դրա համար էլ ժողովուրդը ոչ մի ուժի չի հավատում, չի ըմբոստանում, պայքարում մինչեւ վերջ։ Ինչի ժողովուրդը չգիտի, թե Պարույր Հայրիկյանն ինչ դերակատարություն է ունեցել ընտրություններում, որ հետեւից գնա։ Պատգամավորներն էլ պետք է խորհրդարանում պայքարեն, պայքար չկա ոչ պառլամենտում, ոչ էլ ընդհանրապես Հայաստանում»,-ասաց Կարապետյանը։

Տիգրան Կարապետյանը նշեց, որ ինքը ոչ մի պաշտոնի չի ձգտում եւ ոչ մի պաշտոնում իրեն չի տեսնում. «Ես ոչ մի պաշտոնի չեմ ձգտում, բայց ցանկանում եմ, որ կուսակցությունս խորհրդարանում առաջնային շարքերում լինի, որովհետեւ 8000-ից ավելի անդամներ ունեմ»։