ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման եւ օսկարակիր Շարլիզ Թերոնը համարում են, որ խելացի աղջիկներին հիմար տղաներ պետք չեն : Ինչպես հայտնում է People-ը, ԱՄՆ նախագահի կինը ու հոլիվուդյան դերասանուհին նման տեսակետ են արտահայտել «Կիրթ աղջկա ուժը» միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էր Glamour ամսագիրը Նյու Յորքում:
«Չկա ավելի սեքսուալ բան, քան խելացի կինը»,- հավաքվածներին ասել է 40-ամյա Թերոնը: «Մեզ ասում են, որ մենք՝ հատկապես կանայք, պետք է ապրենք որոշակի շաբլոնով, եկել է այս կարծրատիպը կոտրելու ժամանակը»,- նշել է նա: Դերասանուհու խոսքով, դա պետք է անեն հենց կանայք:
Օբաման համաձայնել է Թերոնի հետ ու հավելել. «Եկեք պարզաբանենք, չէ՞ որ դուք չեք ուզում լինել մի տղայի հետ, որն այնքան հիմար է, որ չի հասկանում, թե դուք ինչ խելացի լեդի եք դուք»: ԱՄՆ առաջին տիկինը շեշտել է, որ կանայք պետք է բարձրացնեն իրենց ինքնագնահատականը: «Դուք հաջողակ չեք լինի, եթե գտնվեք այն մարդկանց կողքին, ովքեր ձեզ ներքեւ են քաշում»,- ասել է նա:
Բացի դրանից տիկին Օբաման ասել է, որ եթե ինքը նրանց տարիքում մտահոգվեր այն մասին, թե ում է դուր գալիս ու ովքեր են իրեն գեղեցիկ համարում, ապա ԱՄՆ ապագա նախագահի հետ չէր ամուսնանա:





























