Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը, մեկնաբանելով Սիրիայում ՌԴ Զինված ուժերը Սիրիայում օգտագործելու մասին Դաշնության խորհրդի որոշումը, հայտարարել է, որ Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման պայմանավորվել են, որ իրենք ընդհանուր շահագրգռվածություն ունեն «Իսլամական պետության» դեմ պայքարում:

«Ես պարզապես կկրկնեմ, որ երբ նախագահ Օբաման հանդիպել է նախագահ Պուտինի հետ, նրանք համաձայնության են եկել, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ընդհանուր շահագրգռվածություն ունեն Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի հարցում: Նրանք համաձայնել են, որ անհրաժեշտ է մեր զինվորականների միջեւ հաղորդակցության ուղիներ մշակել՝ խուսափելու համար կոալիցիայի ստորաբաժանումների (ԱՄՆ ղեկավարությամբ) եւ Ռուսաստանի գործողությունների միջեւ հնարավոր անհամաձայնություններից»,- «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է դեսպանատան մամուլի քարտուղար Ուիլյամ Սթիվենսը:

Միաժամանակ նա հիշեցրել է, որ Վաշինգթոնի դիրքորոշումն այն է, որ «Սիրիայում ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ պայքարում նախագահ Ասադը հարմար գործընկեր չէ»: