Կանանց դերի բարձրացումը հատկապես դժվար է ավտորիտար եւ կոռումպացված ռեժիմներում, որոնք ձեւավորվել են շատ հետխորհրդային երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Այս մասին, սեպտեմբերի 29-ին, Նյու Յորքում «Արեւելյան Եվրոպայի ապագան.Կանանց կարգավիճակի բարելավում» բարձրաստիճան քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը:
Իր ելույթում նա, մասնավորապես, նշել է, որ այդպիսի ռեժիմների հեռացումը կարեւոր է՝ որպես հարցի լուծում բոլորի համար արդարություն ու հավասարություն ապահովելու գործում։
Զ. Փոստանջյանն իր խոսքում նաեւ անդրադարձել է վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի լուրջ խախտման դեպքերին, որի արդյունքում հրետանային ռմբակոծության հետեւանքով երեք հայ կանայք եւ չորս զինվոր են զոհվել, ինչպես նաեւ մի քանի խաղաղ բնակիչներ վիրավորվել:
Նշենք, որ Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հրավերով քննարկմանը մասնակցել են նաեւ Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, Շվեդիայից, Մոլդովայից եւ Ուկրաինայից պատգամավորներ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Քննարկմանը մասնակցում էր նաեւ Նադիա Սավչենկոյի քույրը, ով կոչ էր անում ազատ արձակել Նադիային Ռուսաստանում գտնվող բանտից:





























