Հին Եգիպտոսի գանձերի մեկ երրորդը ապօրինի ճանապարհով դուրս է հանվել երկրից վերջերս կատարված պետական հեղաշրջումների ու խռովությունների ընթացքում, այս մասին «Սպուտնիկ» գործակալությանը հայտնել է Եգիպտոսի հնությունների նախկին նախարար ու նշանավոր հնագետ Զահի Հավասը:

Եգիպտական թանգարաններից ու մշակութային ժառանգության օբյեկտներից հազարավոր պատմական օբյեկտներ են առեւանգվել 2011 եւ 2013 թթ. երկու հեղաշրջումներից հետո, որոնց ժամանակ գահընկեց էին արվել նախագահներ Հոսնի Մուբարաքը եւ Մուհամեդ Մուրսին:

Հավասի խոսքով, ով Մուբարաքի օրոք ղեկավարում էր երկրի հնությունների նախարարությունը, 2010 եւ 2012 թթ. արբանյակներից արված լուսանկարների համեմատությունը ցույց է տալիս, որ ամբողջ երկրի տարածքում ապօրինի պեղումներ են իրականացնում:

«Մարդիկ ապօրինի պեղումներ են սկսել ՝ որոնելով պատմական արժեքներ, ու ես վստահ եմ, որ Եգիպտոսի պատմական օբյեկտների մեկ երրորդը դուրս է հանվել երկրի տարածքից»,-հայտարարել է Հավասը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին »:

Հնագետի խոսքով, վերջին տասնամյակում իրեն հաջողվել է վերադարձնել մոտավորապես 6 հազար եգիպտական մշակութային օբյեկտ: «Սակայն այն ինչ կատարվել է 2011 -2013 թթ Եգիպտոսում, աղետ է մեր երկրի ու նրա մշակութային ժառանգության համար , քանի որ բոլորը սկսել են ապօրինի պեղումներ կատարել»:

Հնագետը նաեւ հայտնել է, որ Կահիրեի թանգարանից 54 պատմական օբյեկտ է կորել, այդ թվում 17 փոքր քանդակ: