Պատասխան գործողությունների բացակայության ցանկացած դեպք Ադրբեջանի կողմից ընկալվում եւ սեփական հասարակությանը ներկայացվում է որպես թուլության նշան։ Այդ մասին հոկտեմբերի 1-ին մամուլի ասուլիսին հայտարարել է կառավարող՝ Հանրապետական կուսակցությունից Ազգային Ժողովի պատգամավոր Կարեն Բեքարյանը։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը հերթական սրացմանն է գնում՝ ամբողջ գործընթացի ընթացքում որակական փոփոխության դիմելով, ինչը գնալով ավելի մեծ թվով մարդկանց կյանքն է էականորեն վտանգում։ «Դա դրսեւորվում է բնակելի տարածքների հրետակոծմամբ, զենքի բոլորովին նոր տեսակների օգտագործմամբ։ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը ուղերձ են հղում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին։ Ի պատասխան ստանում են սուր անկյունները հղկելու կոչված հայտարարություն, որում նրանք հայտնում են, որ մտահոգված են,-ընդգծել է Բեքարյանը։ Մինչդեռ Ադրբեջանը,-շարունակել է պատգամավորը, գնալով ավելի ցինիկ ու անպատկառ պահվածք է որդեգրում։ Հայաստանին ի՞նչ է մնում անել։ Մնում է, որ Հայաստանն ասի, որ ինքը եղել եւ մնում է ԼՂՀ անվտանգության երաշխավորը եւ որ անվտանգության տեսանկյունից դա նույն տարածքն է։ Եվ երկրորդ՝ մեզ ուրիշ ոչինչ չի մնում, բացի պատժամիջոցների դիմելուց »,-եզրակացրել է Կարեն Բեքարյանը։




























