Այսօրվանից ուժի մեջ է մտել «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի համաձայն ստեղծվել է գրանցված ապահովված իրավունքների մասին տեղեկատվություն պարունակող մեկ միասնական առցանց գրանցամատյան: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից:
Ի դեպ, սա Հայաստանի Հանրապետությունում ամբողջական էլեկտրոնային վարչարարություն իրականացնելու առաջին փորձն է:
Հոկտեմբերի 1-ին գործարկված www.registration.am պաշտոնական կայքը ուղեցույց կհանդիսանա գրանցումներ կատարելու, որոնելու եւ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:
Այս գրանցամատյանի գործարկմամբ կկարգավորվի շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների նկատմամբ նախապատվության իրավունքի որոշման հարցը, հնարավորություն կտա շահագրգիռ անձանց, առանց լրացուցիչ ծախսերի եւ ջանքերի, տեղեկանալու շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցումներին, ինչպես նաեւ կբարձրացնի տվյալ տեսակի գործարքների ապահովությունը եւ կնվազեցնի դրանց հետ կապված ռիսկերը:




























