Հայաստանի ԱԳՆ-ն ուսումնասիրում է ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ սահմանային միջադեպերի հետեւանքով ադրբեջանական կողմում զոհվել է Վրաստանի մի քաղաքացի։ Այս մասին հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։ «Մենք պետք է մանրամասն ուսումնասիրենք այդ հարցը։ Վրաստանի քաղաքացին թաղվել է ադրբեջանաբնակ վրացական գյուղում։ Իհարկե մենք ուսումնասիրում ենք այդ հարցը»,- ասել է Քոչարյանը։

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները կողմնակիորեն հաստատել են այն փաստը, որ ազգությամբ ադրբեջանցի Վրաստանի քաղաքացին, ըստ երեւույթին, պայմանագրային ծառայություն էր անցնում իր այսպես կոչված «պատմական հայրենիքում» եւ սպանվել էր զորքերին շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայող 23-ամյա Էլշան Մամեդովը սեպտեմբերի 25-ին հուղարկավորվել էր Վրաստանի Բոլնիսի շրջանի Զոլ Գյուվեջի գյուղում, որը բնակեցված է ադրբեջանցիներով։