Դեռ վաղ է ասել, թե ինչպիսին է լինելու էլեկտրաէներգիայի թանկացումների սուբսիդավորման քաղաքականությունը մեկ տարի հետո: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը:
Հիշեցնենք, որ ինչպես ՀՀ Կառավարության հոկտեմբերի 1-ի նիստում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, «Հայաստանի էլեկտրացանցերի» նոր գնորդը ՝ «Տաշիր» ընկերությունների խումբը մեկ տարվա ընթացքում նախարարների կաբինետի հետ միասին հավասար հիմունքներով փոխհատուցելու է էլեկտրականության սակագնի թանկացումը:
«Թե ինչպիսին կլինի սուբսիդիաների քաղաքականությունը մեկ տարի հետ ՝ դեռ վաղ է ասել: Առավել եւս որ Կառավարության հրավիրած միջազգային խորհրդական «Deloitte & Touche»-ը, որը ուսումնասիրում է Հայաստանի էներգոհամակարգերը, աշխատանքի գալիք ՝ 2րդ փուլում առաջարկներ կներկայացնի էլեկտրաէներգիայի գնագոյացման այլընտրանքային միջոցների վերաբերյալ»,- նշեց Թարփոշյանը:
Հիշեցնենք, որ չնայած բազմաթիվ բողոքներին, հունիսի 17-ին ՀԾԿՀ-ն հաստատել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը 6.93 դրամով, հասցնելով այն մեկ կիլովատ ժամի համար 48.78 դրամի (մոտավորապես 10.3 ցենտի): Հունիսի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մինչեւ միջազգային աուդիտի ավարտը Կառավարությունը կստանձնի 6.93 դրամով թանկացման ամբողջ ծանրաբեռնվածությունը:




























