ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը Հայաստանի ԱԳՆ-ի կողմից պաշտոնական պատասխան տալը կգերագնահատի Ուորլիքի դերը։ Այս մասին հոկտեմբերի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ պատգամավոր Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման վերաբերյալ Ուորլիքի հայտարարությանը։
«Ինչ-որ պահից սկսած՝ ես սկսել եմ անիմաստ համարել Ջեյմս Ուորլիքի յուրաքանչյուր հայտարարությանը արձագանքելը, քանի որ մարդու արտահայտությունները ադեկվատ համարելու համար պետք է միաժամանակ մի քանի գործոն լինի։ Իսկ այս դեպքում կան գործոններ, որոնք չեն գործում։ Քանի դեռ դա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ընդհանուր եւ պաշտոնական հայտարարությունը չէ, անհիմն է Ուորլիքի հայտարարությունները դիտարկել որպես միջնորդների տեսակետ»,- ընդգծել է Կարեն Բեքարյանը։
Հիշեցնենք, որ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ Միացյալ Նահանգները լիարժեք պաշտպանում է ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի ներդրումը շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին՝ հրադադարի խախտումների վերաբերյալ հաղորդումները քննության առնելու նպատակով:
«Մենք հորդորում ենք Ադրբեջանին ընդունել մեխանիզմները, որ կօգնեն թուլացնել լարվածությունը եւ որ առավել կարեւոր է, խուսափել քաղաքացիական զոհերից: Մենք նաեւ հորդորում ենք Հայաստանին ընդունել Ադրբեջանի հրապարակային կոչերը Մինսկի Խմբի համանախագահների հովանու ներքո անկեղծ բանակցային գործընթաց ծավալելու վերաբերյալ, որը կարող է հանգեցնել տեւական, խաղաղ կարգավորման»,- ասել էր Ուորլիքը:




























