Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չգիտի, թե քանի պիջակ ունի զգեստապահարանում: «Պարզապես չգիտեմ, թե դրանք քանիսն են հիմա»,- Deutsche Zeitung-ին ասել է Մերկելը:

Նա նաեւ նշել է, որ հագուստ ընտրում է՝ կախված միջոցառումից, ուր ուղեւորվում է: «Երբեմն մուգ գույնի պիջակ եմ հագնում: Երբեմն ինձ նախազգուշացնում են, որ ճերմակ ֆոնում եմ լինելու, այդ դեպքում չեմ կարող բաց գույնի հագուստ ընտրել: Իսկ երբեմն էլ հանպատրաստից որեւէ վառ գույն եմ ընտրում»,- պատմել է Անգելա Մերկելը:

«Ինտերֆաքս»-ը հիշեցնում է, որ հոլանդացի դիզայներ Նորտյե վան Էկելեն գերմանական առաջնորդի հագին 90 գույնի պիջակ է հաշվել: Բացի այդ, վան Էկելեն «պանտոն Մերկել» հասկացությունն է հորինել. կոլաժ, որում կանցլերի հագուստները դասված են ըստ երանգների, որոնք առկա են Pantone գույնի ինստիտուտի ներկերի գունապնակում:

Անգելա Մերկելը գրեթե միշտ հանրությանը ներկայանում է միեւնույն ձեւի պիջակով՝ այն լրացնելով տաբատով: Սակայն հատուկ դեպքերում նա փոխում է սովորական հագուկապը: Օրինակ՝ 2008 թվականի Օսլոյում Ազգային օպերային թատրոնի բացման ժամանակ նա կապտասեւ երանգով զգեստ էր հագել՝ խորը դեկոլտեով: Զգեստը մեծ հետաքրքրություն էր առաջացրել համաշխարհային լրատվամիջոցների շրջանում: