«Իսլամական պետությանը» (ԻՊ) հակազդելու համար Բաղդադում ստեղծված Միջազգային տեղեկատվական կենտրոնում պետությունները համագործակցում են հավասարության սկզբունքով, ամբողջ տեղեկատվությունը փոխանցվում է մասնակից պետությունների զինված ուժերի օպերատիվ շտաբերին: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է կենտրոնում ՌԴ ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոն:
«Ռուսաստանը, Իրանը, Իրաքն ու Սիրիան այդ կենտրոնում հավասար իրավունքներ ունեն»,- ընդգծել է Կուրալենկոն:
Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ում «Ինտերֆաքս»-ի աղբյուրը հաղորդել էր, որ Տեղեկատվական կենտրոնն արդեն համակարգում է Սիրիայում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ հասցվող ավիահարվածները: Հարվածների մասին տեղեկությունները հաղորդվում են նաեւ Բաղդադում ամերիկյան ներկայացուցիչներին:
Ռուսաստանը, Սիրիան, Իրաքն ու Իրանն ԻՊ-ի դեմ պայքարը համակարգելու համար համատեղ տեղեկատվական կենտրոնը Բաղդադում ստեղծել են սեպտեմբերի 26-ին: Սեպտեմբերի 30-ին էլ Ռուսաստանը սկսել է օդային հարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ:




























