«Ոչ»-ի ճակատի առաջին հանրահավաքն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Երեւանի Ազատության հրապարակում սակավամարդ էր, քանի որ չկա միասնական ընդդիմություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: (ֆոտոռեպորտաժ)

«Ես իմ ելույթում էլ ասացի, որ քանի դեռ չկա միասնական ընդդիմություն եւ  իշխանափոխության միասնական օրակարգ, հանրահավաքները սակավամարդ են լինելու»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ նշեց, որ սա նախաձեռնության առաջին հանրահավաքն էր մայրաքաղաքում:

«Հաջորդ հանրահավաքին ավելի շատ մարդ կգա»,- վստահեցրեց Արամ Մանուկյանը:

Ինչ վերաբերում է երկու կուսակցությունների առաջնորդների ներկա չգտնվելուն՝ Մարտիրոսյանն ու Մանուկյանը նշեցին, որ առաջնորդներն իրենք են որոշում՝ գա՞լ, թե՞ չգալ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօրվա հանրահավաքին «Չեք անցկացնի»-ին միացած քաղաքական ուժերի առաջնորդները հիմնականում Ազատության հրապարակում չէին. ՀԺԿ-ից ներկա էր Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ-ից` խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Գագիկ Ջհանգիրյանը, իսկ «Ժառանգությունից»՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող քաղաքական ուժերի ձեւավորած «Ոչ»-ի ճակատի առաջին հանրահավաքը տեղի է ունեցել Գյումրիում սեպտեմբերի 25–ին։ Նախաձեռնությանն են միացել «Ժառանգություն» կուսակցությունը, ՀԱԿ-ը, «Հիմնադիր խորհրդարանը», ՀԺԿ-ն,ԱԻՄ–ը եւ այլ քաղաքական ու հասարակական կազմակերպություններ:

Սահմանադրության նոր նախագիծը, որով նախատեսվում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի, արդեն ուղարկվել է ԱԺ: Հոկտեմբերի 5-ին նախագիծը կդրվի քվեարկության: Սպասվում է, որ հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի առաջին տասնօրյակում: