Հունաստանի նոր խորհրդարանն այսօր՝ հոկտեմբերի 3-ին կայացած առաջին նիստում երդում է տվել։ Ընթացակարգը հավատացյալների եւ աթեիստների համար առանձին է կազմակերպվել։ Ուղղափառների երդմնակալությունն ընդունել է Աթենքի եւ համայն Հունաստանի արքեպիսկոպոս Հիերոնիմոս II-ը։ Երկու մուսուլման պատգամավորներ երդում են տվել Ղուրանի վրա, իսկ պատգամավորների մի մասը՝ հիմնականում ՍԻՐԻԶԱ-ի անդամներ, քաղաքացիական երդում են տվել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Առաջին նիստի ժամանակ խորհրդարանում քննարկումներ չեն անցկացվում։ Կիրակի օրը գաղտնի քվեարկությամբ կընտրվի խորհրդարանի խոսնակ։

Եկող շաբաթ քաղաքական առաջնորդները կկարդան իրենց ծրագրային հայտարարությունները, ինչպես նաեւ տեղի կունենա կառավարությանը վստահության քվե հայտնելու արարողությունը։