Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների և այնտեղ ծառայող զինվորների համար քաղցրավենիք, հագուստ, ծխախոտ և հիգիենայի պարագաներ հավաքող երիտասարդները հոկտեմբերի 4-ին Երևանի Հյուսիսային պողոտայի նորակառույց շենքերից մեկի բնակիչների բողոքներից հետո ստիպված են եղել փոխել ակցիայի անցկացման վայրը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սատարենք սահմանապահ հայ զինվորին և գյուղացուն» խորագրով նախաձեռնության կազմակերպիչ Արման Անդրեասյանը:

«Երեկ բնակիչներից  մեկը եկավ, գոռգոռաց ու ասաց, որ բոլոր բնակիչների անունից է խոսում, պահանջեց, որ անջատենք ակցիայի ընթացքում հնչող երաժշտությունը, քանի որ իրենց խանգարում է»,- ասաց Արման Անդրեասյանը:

Միջադեպից հետո «Մենք» երիտասարդական նախաձեռնության անդամները որոշել են ակցիայի անցկացման վայրը Հյուսիսային պողոտայի ու Թումանյան փողոցի հատման հատվածից տեղափոխել Հյուսիսային պողոտայի սկզբնամաս`Աբովյան փողոցի մոտ, քանի որ պողոտայի այս հատվածի նորակառույցները դեռևս բնակեցված չեն:

«Եթե մեր զինվորը սահմանին կանգնած հսկում է է իրենց անդորրը, իսկ իրենք Հյուսիսային պողոտայի շենքերում կարողանում են հանգիստ քնել ու ակցիան խոչնդոտում են, ուրեմն ամոթ իրենց»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից, «Ազատամարտիկ» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ փոխնախագահ Ալլա Նիկողոսյանը:

Հիշեցնենք, որ Երևանի Հյուսիսային պողոտայում հոկտեմբերի 1-ից մեկնարկել է «Սատարենք սահմանապահ հայ զինվորին և գյուղացուն» խորագրով յոթնօրյա ակցիան, որի ընթացքում քաղաքացիները սահմանամերձ գյուղերի բնակիչների և այնտեղ ծառայող զինծառայողների համար տեղադրված արկղերի մեջ բնակիչները կարող են հագուստ, քաղցրավենիք, ծխախոտ և հիգիենայի պարագաներ դնել: Ակցիան կշարունակվի մինչև հոկտեմբերի 7-ը: