«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները հոկտեմբերին երկու օր չվճարվող արձակուրդի կմեկնեն՝ ընկերությունում առկա ֆինանսական խնդիրների պատճառով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ընկերության մամուլի քարտուղար Վարդան Ալոյանը` նշելով, որ չվճարվող 2-օրյա արձակուրդը ոչ բոլոր աշխատակիցներին է վերաբերում:

«Որոշում է ընդունվել որ բոլոր ենթակառուցվածքների աշխատակիցները ամսվա ընթացքում 2 օրով չվճարվող արձակուրդի գնան, բացառությամբ գնացքները շահագործող անձնակազմի, որոնք չեն կարող բացակայել: Չվճարվող արձակուրդի պատճառն այն է, որ նախորդ տարվա համեմատ մոտ 20 տոկոսով նվազել է բեռնափոխադրումների քանակը, ինչի պատճառով ընկերությունը ֆինանսական խնդիրների առջեւ է կանգնել: Հիմա մենք որոշել ենք, որ աշխատակիցների չկրճատել, այլ չվճարվող արձակուրդի ուղարկել: Առաջինն էլ գլխավոր տնօրենն է արձակուրդ վերցրել հոկտեմբերի 1-ին եւ 2-ին՝ օրինակ ծառայելով մյուս աշխատողների համար»,-ասաց մամուլի քարտուղարը՝ նշելով, որ ինքը եւս չվճարվող արձակուրդի է գնալու:

Վարդան Ալոյանը նշեց, որ այս որոշմանը հանգել են քննարկումներ անցկացնելով ընկերության արհմիության հետ եւ նպատակահարմար են համարել նման կերպով լուծել առաջացած խնդիրները: