Հայտնի է Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի մորը՝ 68-ամյա Ջուլիետա Վիրաբյանին, վրաերթի ենթարկած վարորդի անձը` 52-ամյա Նիկոլ Գասպարյան։

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ անձը վարել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին, ժամը 08.50-ին, Երևանի Սասուցի Դավթի և Սուվորովի փողոցների խաչմերուկում:

Փաստի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 7-ին փողոցն անցնելիս վրաերթի է ենթարկվել Վահան Մարտիրոսյանի մայրը՝ 68-ամյա Ջուլիետա Վիրաբյանը: Ջուլիետա Վիրաբյանը վրաերթի ենթարկվելուց հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, այժմ հիվանդասենյակում է:

Ջուլիետա Վիրաբյանը ստացել է ազդրի վզիկի կոտրվածք: Այս պահին կնոջը հետազոտում են: Հետազոտությունց հետո պարզ կլինի` վիրահատություն անհրաժեշտ է, թե ոչ:

Հիշեցնենք, որ գողության մեջ մեղադրվող, կնոջ եւ երեխայի հետ Հայաստանից հեռացած եւ Բաքվից քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել:

Մինչեւ Ադրբեջան փախչելը՝ Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, թե իրեն ծեծի է ենթարկել ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ինչն ավելի ուշ ոստիկանությունը հերքել էր: