Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նախկին աշխատակից  Արթուր Ժամհարյանը հոկտեմբերի 8-ին մարզադպրոցի տնօրենի աշխատասենյակում առանց պայթուցիչի մարտական նռնակ է նետել։ Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները:

Ոստիկանությունը պաշտոնապես չի հաստատում այս փաստը` սպասելով փորձաքննության արդյունքներին։

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում 2015թ. հոկտեմբերի 8-ին` աշխատանքային ժամին, մարզադպրոցի նախկին աշխատակից Արթուր Ժամհարյանը զայրացած մտել է տնօրեն Գուրգեն Գեւորգյանի աշխատասենյակ ու  նռնակի նմանվող ինչ–որ առարկա գցել բազմոցին: Աշխատասենյակում բացի տնօրենից այլ մարդիկ էլ են եղել, որոնք կարծել են` նռնակ է, եւ խուճապահար  դուրս են եկել, ապա ահազանգել  իրավապահներին։

Մարզապրոցի տնօրենը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել էր կատարվածը` նշելով, որ Արթուրը մեկ ամիս առաջ էր ազատվել աշխատանքից իր դիմումի համաձայն, եւ վստահեցնելով, որ մինչեւ այդ իրենց միջեւ կոնֆլիկտ չի եղել։