Հրազդան քաղաքի բնակչուհի Հերիքնազ Խաչատրյանը, որը մեղադրվում է հինգ աղջկա սեռական շահագործման նպատակով Դուբայ ուղարկելու մեջ, յոթ տարի վատ հարաբերությունների մեջ է եղել և ընդհանրապես ոչ մի կապ չեն ունեցել քրոջ` նույն մեղադրանքով 11 տարվա ազատազրկման դատապարտված Բավական Խաչատրյանի հետ։

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստին իր ցուցմունքում ասաց քույրերի մայրը: Էմմա Խաչատրյանը նշեց, որ չի կարող ասել, թե ինչն է եղել աղջիկների վատ հարաբերությունների պատճառը, քանի որ նրանք իրեն ոչինչ չեն պատմել, և շատ քիչ են եղել տանը: Էմմա Խաչատրյանի խոսքով՝ Հերիքնազը 2007թ. է մեկնել Դուբայ, 2008թ. նրան վտարել են երկրից, և նա մեկնել է Մոսկվա, այդտեղից էլ` Սանկտ Պետերբուրգ:

«Հերիքնազի ընկերուհին՝ Քրիստինեն, Լենինգրադից զանգել, ասել ա ինձ այդ մասին, մի անգամ էլ ինքն է զանգել, հետո ութ ամիս անց եկավ Հայաստան, այստեղից էլ Թուրքիա գնաց, որտեղից ապրանք էր ուղարկում, վաճառում էինք: Երկրորդ անգամ Դուբայ չի գնացել, Թուրքիայում է եղել, մի անգամ զանգել է Թուրքիայից, հետո չի զանգել այլևս, այնտեղ մյուս աղջկաս՝  Կարինեի հետ էր, առևտրով էին զբաղվում»,-ասաց Էմմա Խաչատրյանը:

Հերիքնազ և Բավական Խաչատրյանների ավագ քույրը՝ Գայանե Սարգսյանն էլ իր ցուցմունքում նշեց, որ ճանաչել է տուժող Աննա Ավդալյանին, Գայանեի խոսքով՝ Աննան յոթ տարի բնակվել է իրենց հայրական տանը Հրազդանում:

«Աղքատ մարդիկ էին, խղճալով ընդունել ենք, վատ հարաբերությունների մեջ չենք եղել: Որ իմացա` իբր Բավականը նրան Դուբայ է ուղարկել, որ մարմնավաճառությամբ զբաղվի, ապշել էի, չեմ հավատում: Ելենա Նիկողոսյանին էլ մեկ անգամ մեր տանն եմ տեսել Հերիքնազի հետ: Տեղյակ եմ, որ Դուբայում Հերիքնազը Գերիչի տանն է աշխատող, ապշած եմ մնացել, որ լսել եմ մարմնավաճառությամբ է զբաղվել: Չեմ էլ կարող պատկերացնել, որ նման բան կարող էր լինել: Բավականին, որ կալանավորել էին, պատմում էր, որ ինչ-որ բաներ է գրել Հերիքնազի վրա, լացում էր, որ իրեն վախեցրել են, դրա համար էլ գրել է»,-ասաց Գայանե Սարգսյանը:

Նշենք, որ Հերիքնազին մեղադրանք է առաջադրվել ավելի ուշ, երբ քույրն արդեն ազատազրկման էր դատապարտվել։ Դատարանում Բավականը հայտարարել էր, որ քրոջ դեմ կեղծ ցուցմունք է տվել քննիչների ճնշման ներքո, եւ որ քույրն այդ գործի հետ իրականում կապ չունի։  

Պաշտպանական կողմը դատական նիստին միջնորդեց Բավական Խաչատրյանի նախաքննական ցուցմունքները որպես ապացույց չճանաչել և դրանց հիման վրա Հերիքնազ Խաչատրյանի դատավճիռը չկայացնել, քանի որ դրանք ձեռք են բերվել քննչական անթույլատրելի գործողությունների միջոցով՝  Բավական Խաչատրյանին բռնության, խաբեության,  ծաղրի ենթարկելով:

Դատարանը որոշեց միջնորդության քննարկումը հետաձգել:

Նշենք, որ Հերիքնազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 132 հոդվածի, 3-րդ մասի, 1-ին կետով, այն է` կազմակերպված հանցավոր խմբի կողմից անձանց մարմնավաճառության կամ սեռական այլ շահագործման, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ենթարկելը: Հերիքնազ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչում՝ պնդելով, որ ինքն է դարձել թրաֆիքինգի զոհ:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հեկտեմբերի 15-ին: