«Ոչ»-ի ճակատի հաջորդ հանրահավաքի նշանակումը հոկտեմբերի 30-ին մեծ սխալ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ նշելով, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի դեմ նման ձևով պայքարելով «ՈՉ»-ի ճակատաը ոչնչի չի հասնի:

«Այս երիտասարդների մեջ հավանաբար  խցկված են «տրոյական ձիերը», այսինքն լրտեսներ, դրա համար էլ նման որոշում են կայացրել հանրահավաքը նշանակել հոկտեմբերի 30-ին: Թող իմանան, որ քաղաքացիներն իրազեկված են ու հեռավոր գյուղերում 1 ամիս աչքից հեռու հանրահավաք անցկացնելը իրենց ոչինչ էլ չի տալու: Ամեն օր է պետք պայքարել, որ արդյունք ունենանք: Ամեն դեպքում իրենց իրավունքն է, ջահելների հայտարարությունն է, բայց ես պարտավոր եմ արձանագրել, որ եթե հռչակագրի տակ բոլորս ենք ստորագրել, բոլորս պետք է մտահոգվենք և աշխատենք կիզակետի հետ: Չեմ կարող չասել,որ տղաները սխալ են գործում, պետք չէ, ուշացնել գործը»,-ասաց ԱԻՄ առաջնորդը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովը 2015թ. հոկտեմբերի 5-ին, ընդունել է  «ՀՀ նախագահի համար ընդունելի առաջարկների հիման ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշման նախագիծը»: Որոշմանը կողմ է քվեարկել 104, դեմ՝ 10, ձեռնպահ` 3 պատգամավոր: Նախագիծը ուղարկվել է հանրապետության նախագահի հաստատմանը։

Հիշեցնենք, որ Սահմանադրության նոր նախագծով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին եւ համամասնական 100 տոկոսանոց ընտրակարգին: