Ավարտվում են՝ 2015 թ. նոյեմբերին Լատվիայում ու Լիտվայում ծրագրվող արագ արձագանքման Arcade Fusion կորպուսի շտաբային զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները։ Մեծ Բրիտանիայից Քյայպեդայի նավահանգիստ է ժամանել նավ ՝ զորավարժությունների անցկացման համար անհրաժեշտ տեխնիկայով։
«Մոտավորապես 350 տրանսպորտային միջոց ու ավելի քան 100 այլ բեռների կոնտեյներներ են բերվել»,- լրագրողներին հայտնել է զորավարժությունների մամուլի պատասխանատու կապիտան Մարյուս Վարնան։ Ավելի վաղ ՝ այս շաբաթ Լիտվա են ժամանել արագ արձագանքման (Allied Rapid Reaction Corps, ARRC) ավելի քան 200 ռազմական մասնագետներ, որոնք պետք է ապահովեն բեռների փոխադրումները զորավարժությունների անցկացման վայր։ «Բեռների մի մասը պետք է տեղափոխվի Վիլնուս ՝ լիտվական բանակի միացյալ շտաբ, մյուս մասը ՝ Լատվիա ՝ Լիելվարդայի օդային բազա։ Այդ երկու կետերում են տեղակայվելու արագ արձագանքման կորպուսի շտաբային ստորաբաժանումները»,- պարզաբանել է Վարնան, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Arcade Fusion-ի սցենարով, նախատեսվում է զարգացնել անվտանգության ու հումանիտար ճգնաժամերի դինամիկ նմանակման պայմաններում անհրաժեշտ պատասխան որոշում կայացնելու, արագ արձագանքման ստորաբաժանումները ճգնաժամային տեղանք հասցնելու հմտությունները։ Ինչպես նշում է Լիտվայի պաշտպանության նախարարը, առանձնահատուկ կարեւորություն ունեն զորավարժությունները հյուրընկալած կողմի հետ ռազմական փոխգործողությունների ամրապնդումը եւ այն հանգամանքը, որ դրանք անց են կացվում զորավարժություններին մասնակցող ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար աշխարհագրական ու կլիմայական նոր պայմաններում։





























