Հայաստանին եւ Կոմորյան կղզիներին հազարավոր կիլոմետրեր են բաժանում, բայց դա պատճառ չէ հարաբերությունների զարգացումից հրաժարվելու համար։ Նման կարծիք է հայտնել Կոմորյան կղզիների միության արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Աբդուլքարիմ Մուհամեդը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։
ԱԳ նախարարության ղեկավարն ասել է, որ Երեւան այցի շրջանակում ինքը հանդիպել է իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ՝ քննարկելու հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ «Երկրները աշխարհագրորեն շատ հեռու են իրարից։ Բայց մենք կարող ենք դիվանագիտական հարաբերություններ, կապեր զարգացնել մշակույթի, կրթության ոլորտներում։ Եթե անկեղծ խոսենք, մենք այնքան մտերիմ չենք, ինչքան կուզեինք», - նշել է նախարարը՝ հավելելով, որ պետք է մերձենալ ի բարօրություն մեր երկրների եւ հանուն զարգացման։
«Դիվանագիտական հարաբերությունների զարգացումից բոլորը կշահեն։ Աշխարհը գլոբալիզացիայի է ենթարկվում։ Չի կարելի գործընթացներից հեռու մնալ»,- նշել է Աբդուլքարիմ Մուհամեդը։
Ինչպես պարզվել է, չնայած հեռավորությանը, Կոմորյան կղզիներում հայկական փոքր համայնք է ապրում։ «Ինքս հայկական ծագմամբ մի հոգու եմ ճանաչում, որը ներդրումներ է արել Կոմորի տնտեսության մեջ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում», - պարզաբանել է նախարարը։
Դա Կոմորյան կղզիների ԱԳ նախարարի առաջին այցն է Հայաստան։ Այն հարցին, թե սիրո՞ւմ է արդյոք Շառլ Ազնավուրի երաժշտությունը, նախարարը հարցով է պատասխանել. իսկ ո՞վ չի սիրում։ «Կարծում եմ՝ բոլոր ֆրանկոֆոն երկրներում Ազնավուր են լսում»,- նշել է Աբդուլքարիմ Մուհամեդը։ Սակայն հրաժարվել է որեւէ բան կատարել Ազնավուրի երգացանկից՝ ասելով, թե վոկալ վատ տվյալներ ունի։





























