Վայոց ձորի մարզում, որտեղ գյուղատնտեսության նախարարությունը խոստացել էր խաղողի մթերումը սկսել հոկտեմբերի 5-ից, վերամշակող ընկերությունները դեռեւս մթերում չեն իրականացնում:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արենի եւ Աղավնաձոր համայնքների ղեկավարը նշեցին, որ հնարավոր՝ հոկտեմբերի 12-ից մթերումը սկսվի:

«Մեր գյուղում այս պահին վերամշակող ընկերությունները խաղող չեն մթերել, միայն գյուղացիներն են իրարից գնել, կամ այլ ապրանքներով փոխանակում կատարել, բայց ոչ մի գործարան խաղող չի գնել»,- ասաց Արենիի գյուղապետ Սերյոժա Սուքիասյանը:

Աղավնաձորի գյուղաետ Աշոտ Գալստյանի խոսքով էլ հոկտեմբերի 5-ին մթերումը պետք է սկսվեր, սակայն անհայտ պատճառներով հետաձգվել է:

«Հիմա էլ ասում են՝ հոկտեմբերի 12-ից կմթերենք: Սպասում ենք, չգիտենք՝ հաստատ կտանեն խաղողը, թե ոչ»,- նշեց Աշոտ Գալստյանը:

Նշենք, որ հոկտեմբերի 12-ին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել էր Վայոց ձորի մարզ: Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ նախարարը գյուղացիներին տեղեկացրել է, որ արդեն մարզ է ժամանել «Արմենիա Վայն» ընկերության ներկայացուցիչը, որը նախատեսում է գյուղացիների հետ պայմանագրեր կնքել: «Այս տարի Վայոց ձորի մարզում առկա է խաղողի առատ բերք, և վերամշակող ընկերությունները հոկտեմբերի 5-ից կսկսեն մթերման գործընթացը: Ընդհանուր առմամբ, Վայոց ձորի մարզից պատրաստ է խաղողի մթերումներ իրականացնել 17 ընկերություն, որից 10-ը գործում են մարզում»,-  նշել է նախարարը:

«Արմենիա Վայն» ընկերությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ իրենք մարզից արդեն մթերել են «Ոսկեհատ» սորտի խաղողը, իսկ «Արենիի» մթերումը սկսելու են հոկտեմբերի 12-ից:

«Գործընթացը նորմալ հունով ընթանում է, մենք խաղողի մթերման ամսաթիվը որոշում ենք՝ կախված խաղողի հասունությունից: Ամեն ինչ ըստ պլանի կատարվում է»,- ասացին ընկերությունից:

Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարի խաղողի առատ բերք կա: Գյուղացիները դժգոհում են, որ չեն կարողանում իրացնել բերքը եւ ստիպված են լինում տոննաներով խաղողը թափել աղբամանները:

Գյուղատնտեսության նախարարությունը մինչդեռ պնդում է, որ վերջին կիլոգրամ խաղողն էլ մթերելու են: