Ռուսաստանի Հայերի միության նախագահ եւ Հայկական համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը մտադիր է կուսակցություն ստեղծել եւ մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին։    Մոսկվայում Ռուսաստանի հայերի միության Հինգերորդ համագումարին Աբրահամյանը հայտարարել է, որ ուզում է իր ներդրումն ունենալ Հայաստանի զարգացման գործում։ 

«Մենք ոչ մի վատ բան չենք անում, ոչնչից չենք վախենում։ Դա մեր հայրենիքն է։ Եթե այժմ ոչինչ չանենք, հետո կափսոսանք դրա համար», - ասել է Աբրահամյանը։

Նա ընդգծել է, որ ավելի քան 100 առաջատար փորձագետ աշխատում է կուսակցության ծրագրի վրա, որի նպատակներից մեկը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդումն է։ 

«Մենք մտածում ենք, թե ինչպես կարելի է օգնել Հայաստանին», - ասել է Աբրահամյանը՝ հավելելով, որ շատ է սիրում Հայաստանը եւ տարեկան 5-10 անգամ լինում է հարազատ Մալիշկա գյուղում։

Նա նշել է, որ երկար մտածել է ընտրություններին մասնակցելու մասին, եւ մինչեւ 2016 թվի մարտը այդ թեմայով խորհրդատվություններ կանցկացվեն ոչ միայն ՌԴ-ում, այլեւ՝ Հայաստանում եւ այլ երկրներում, որտեղ հայկական համայնքներ կան,-հաղորդում է «Նովոստի-Արմենիան»։