Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի ռազմական կցորդին նոտա են փոխանցել՝ խնդրելով պարզաբանել լրատվամիջոցներում տարածված հաղորդագրություններն այն մասին, որ Թագավորական ռազմաօդային ուժերի օդաչուներին, իբր, հրահանգ է տրվել սպառնալիքի դեպքում զենք կիրառել ՌԴ օդանավերի դեմ: Այս մասին հոկտեմբերի 11-ին հաղորդել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Այսօր Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանության ռազմական կցորդը հրավիրվել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարություն, որտեղ նրան նոտա է փոխանցվել՝ խնդրելով պարզաբանել բրիտանական Պաշտպանության նախարարության աղբյուրների վկայակոչմամբ այդ երկրի լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության փաստի առիթով, որ Թագավորական ռազմաօդային ուժերի օդաչուները, իբր, հրահանգ են ստացել «իրենց կյանքին սպառնացող վտանգի դեպքում» ռուսական ինքնաթիռների դեմ զենք կիրառել»,- ասված է հաղորդագրությունում:
ՌԴ ՊՆ տվյալներով, բրիտանական ռազմական կցորդը հաղորդել է, որ այդ կապակցությամբ որեւէ տեղեկության չի տիրապետում եւ խոստացել է առաջիկայում պաշտոնական պատասխան տրամադրել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Daily Star Sunday պարբերականը, վկայակոչելով Միացյալ Թագավորության պաշտպանական գերատեսչության սեփական աղբյուրներին, գրել էր, որ ՆԱՏՕ-ի երկրների, այդ թվում՝ բրիտանական ռազմական օդաչուներին իրավունք է տրվել Իրաքի օդային տարածքում հարձակվել Ռուսաստանի զինվորական օդանավերի վրա, եթե «իրենց կյանքին վտանգ սպառնա»:





























