Ֆրանսերենը աշխարհի համար Հայաստանը բացահայտող լրացուցիչ պատուհան է։ Այս մասին հոկտեմբերի 12-ին՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը։
Նա նշել է, որ առավոտյան հանդիպել է Հայաստանում ֆրանսերեն դասավանդող պրոֆեսորների հետ։ «Դա ոչ միայն լեզվի հարց է, այլ նաեւ հնարավորություն է տալիս ֆրանսերենի միջոցով շփվել արտաքին աշխարհի հետ։ Այն Հայաստանին լրացուցիչ արժեք է տալիս։ Դա Հայաստանին հնարավորություն է տալիս ավելի ընդարձակ տարածք դուրս գալ, որը ներառում է 80 երկիր եւ կառավարություն»,- ընդգծել է Միկայել Ժանը։
Հիշեցնենք, որ Երեւանում հոկտեմբերի 10-11-ին տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանը: Ընդունվել է 5 բանաձեւ, որոնցից 3-ը՝ Հայաստանի նախաձեռնությամբ։ Դրանցից մեկը վերաբերում է ցեղասպանությունների կանխարգելմանը։





























