Բերքի մթերման հետ կապված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է մշակել քաղաքականություն, որում ընդգրկված կլինեն գյուղատնտեսության եւ էկոնոմիկայի նախարարությունները, մարզպետարաններն ու դեսպանները: Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ անդրադառնալով բերքի մթերման հետ կապված դժվարություններին:

«Ամեն տարի նույն խնդրի առջեւ ենք կանգնում, անհրաժեշտ է կազմակերպել գյուղատնտեսական աշխատանքները: Գյուղատնտեսության նախարարությանը չպետք է մենակ թողնել, ամեն ինչ պետք է անել համատեղ: Մեր մարզպետները, դեսպանները պետք է կապ հաստատեն արտասահմանյան գործարանների հետ, որ բերքը հեշտ լինի մթերել»,- ասաց Լյովա Խաչատրյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը խնդիրը լուծելու համար առաջարկում է նախեւառաջ վերացնել վերավաճառողի ինստիտուտը, մայրաքաղաքի յուրաքանչյուր բակում բացել տաղավարներ՝ հատուկ գյուղացիների համար, ինչպես նաեւ խոշորացնել տնտեսությունները:

«Պետք է գյուղատնտեսության մասին օրենք մշակել, հատուկ քաղաքականություն վարել՝ ռիսկայնությունը կրճատելու համար: Հայաստանում չենք կարողանում բերք մթերել, բայց նույն բերքը ներմուծում ենք: Գյուղացին, օրինակ, խաղողը վաճառում է առավելագույնը 140 դրամով, մինչդեռ սուպերմարկետում նույն խաղողը 400 դրամ արժե: Այնպես որ ես առաջարկում եմ վերացնել վերավաճառողների ինստիտուտը, յուրաքանչյուր բարձրահարկ շենքի բակում տեղադրել տաղավար, որտեղ ամեն առավոտ գյուղացին իր բերքը կվաճառի»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը՝ նշելով, որ մեծ ընկերությունները նույնպես պետք է վերացնել, քանի որ այդպիսով վտանգում են փոքր ձեռնարկատերերի գործունեությունը:

Հիշեցնենք, որ այս տարի աննախադեպ բերք կա, գյուղացիները չեն կարողանում մթերել բերքը: