Մալիի հյուսիսում զինյալների հարձակման հետեւանքով առնվազն 6 մարդ է սպանվել:

Ուժային կառույցների ներկայացուցիչների տվյալներով, ծայրահեղականները հարձակվել են Տիմբուկտուից հարավ-արեւելք ընկած ոչ մեծ բնակավայրի վրա: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հարձակման մասին լուրը հաստատել են Մալիի կայունության հարցերով ՄԱԿ-ի համալիր առաքելությունում:

Դիտորդների կարծիքով, երկրի հյուսիսում եւ կենտրոնական մի շարք շրջաններում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Այն խորանում է թմրանյութերի եւ զենքի մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբավորումների, ինչպես նաեւ «Ալ Քաիդա» ցանցի հետ կապ ունեցող ահաբեկչական շարժումների ակտիվության պատճառով: