«Արտոնագրային հարկի մասին» օրենքի փոփոխությունը, որով պետությունը որոշել է հարկել նաեւ կոշկակարներին, դերձակներին, թամադաներին, կրկնուսույցներին եւ այլն, կբերի մրցակցության ուժեղացման, ինչը դրական է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ԵՄ-ի եւ ՎԶԵԲ-ի կողմից տեղական փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցությանն ուղղված ծրագրերին նվիրված քննարկման ժամանակ նշեց, ՎԶԵԲ-ի Փոքր բիզնեսի աջակցության խմբի ազգային ծրագրի ղեկավար Տիգրան Աղաբեկյանը:

Հարցին, թե ի՞նչ է սպասվում նման գործունեությամբ զբաղվող մարդկանց, որոնք արդեն հիմա անհանգստանում են, որ ստիպված կլինեն դադարեցնել իրենց գործունեությունը, Աղաբեկյանը պատասխանեց. «Ես դրան նայում եմ, որպես մրցակցության ուժեղացում։ Մենք ընթացքում աջակցում ենք ձեռնարկատերերին, որպես հասարակության կարեւոր մասնիկ, որի արդյունքում նա դառնում է ավելի մրցունակ։ Նա կարողանում է ունենալ ավելի ցածր ինքնարժեք, վաճառքի ավելի լավ ռազմավարություն, կարողանում է լավ համագործակցել իր գործընկերների հետ։ Մրցունակությունը բերում է նրան, որ նա դառնում  ավելի հզոր։ Այս տեսակետից ենք դիտում ցանկացած ձեռնարկատիրության»,-ասաց նա: