Հայաստանում այս տարի ներդրումները նվազել են 30 տոկոսով, բայց միաժամանակ մասնավոր սպառումը շատ չի տուժել՝ ընդամենը 1,8 տոկոսով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ԵՄ-ի եւ ՎԶԵԲ-ի կողմից տեղական փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցությանն ուղղված ծրագրերին նվիրված քննարկումից հետո, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գրասենյակի ղեկավար Մարկ Դեւիսը:
Հարցին, թե տարօրինակ չէ՞, որ Ռուսաստանի համար ՎԶԵԲ-ը կանխատեսում է 4 տոկոսի անկում, մինչդեռ Հայաստանի համար 1-3 տոկոսի աճ, այն դեպքում, երբ ՀՀ տնտեսությունը մեծապես կախված է Ռւսաստանի տնտեսությունից, Դեւիսը պատասխանեց. «Ամսվա վերջին մեր պաշտոնական գնահատականը կհրապարակվի: Մյուս կողմից բոլորն էլ գիտեն, որ Ռուսաստանի համար կանխատեսումներն այդպիսին են՝ 3-4 տոկոսի անկման սահմաններում:
Ինչ վերաբերում է Հայաստանին, տարվա սկզբից կանխատեսումը կազմում էր 1-5 տոկոսի անկում, սակայն գյուղատնտեսության ոլորտը մեծ աճ արձանագրեց, նոր հանք շահագործվեց եւ կանխատեսումը բարելավվեց: Սպառողները տրանսֆերտներից ավելի քիչ փող ունեին, հետեւաբար ավելի քիչ ներկրված ապրանքներ գնեցին, ինչն իր հերթին տեղական արտադրության վրա չազդեց: Այսինքն սպառումը վերաարեւելել են դեպի ներքին արտադրանքի սպառում, որը լավ բան է: Այս փուլում կանխատեսումը 1-3 տոկոսի սահմաններում է»:
Դիտարկմանը, թե միգուցե ՎԶԵԲ-ն իր կանխատեսումները հարմարեցնում է ՀՀ կառավարության կանխատեսումներին, որպեսզի շեղումը մեծ չլինի, հաշվի առնելով, որ Հայաստանում ներմուծումը նվազել է 30 տոկոսով, տրանսֆերտները նվազել են 30-40 տոկոսով, մի քանի անգամ նվազել են ներդրումները, ներքին առեւտրաշրջանառության անկում է գրանցվել, Դեւիսն արձագանքեց. «Այն հիմնարար զարգացումները, որոնք իրականում տեղի է ունենում, դիտարկել ուղղակի հնարավոր չէ: Դրանց վերաբերյալ ցուցանիշները կան, որոնք ոչ կատարյալ փորձում են արտացոլել, թե ինչ է կատարվում: Դրանք որոշակի ժամանակային ուշացումով են ի հայտ գալիս, որից հետո հրապարակվելով արձագանք են առաջացնում, որն էլի հեռացած է իրական պատճառներից: Մենք անընդհատ թարմացնում ենք մեր կանխատեսումը՝ օգտվելով նաեւ վիճակագրությունից: Բնականաբար տարվա կեսին արված կանխատեսումն ավելի ճշգրիտ է, քան տարվա սկզբին: Իհարկե, ճնշումներ կան ներդրումների վրա, ներդրումները 30 տոկոսով նվազել են, բայց միաժամանակ մասնավոր սպառումը շատ չի տուժել՝ ընդամենը 1,8 տոկոսով: Նվազել են տրանսֆերտները: Ըստ ամենայնի, մարդիկ տրանսֆերտներով ավելի քիչ փող են ստանում, բայց ըստ այդմ, ավելի քիչ ներկրված ապրանք են գնում, իսկ ներքին տնտեսությունը շարունակում է քիչ թե շատ նորմալ գործել»:





























