Մինչեւ տարվա վերջ պաշտոնապես կմեկնարկի Հայաստանի եւ Եվրամիության միջեւ բանակցային գործընթացը։ Այս մասին հոկտեմբերի 15-ին՝ Եվրամիության «Ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ համակարգի եւ Հայաստանում ներդրումների խթանման» Twinning ծրագրի մեկնարկին, հայտնել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ բանակցությունների մեկնարկի կոնկրետ օրը հայտնի չէ։ Անդրադառնալով համաձայնագրում ընդգրկված հիմնական ուղղություններին՝ փոխնախարարը նշեց. «Ցանկություն կար հնարավորինս պահպանել այն ուղղությունները, որոնց շուրջ արդեն բանակցություններ էին տարվել։ Սակայն կան կետեր, որոնք բնականաբար անհնար է ներառել նոր համաձայնագրում։ Օրինակ՝ ազատ առեւտրի մասին բաղադրիչը, այսինքն՝ սակագների զրոյացումը եւ մի շարք այլ դրույթներ։ Մնացյալը բանակցությունների հարց է»։
Հիշեցնենք, որ ԵՄ Խորհուրդը հոկտեմբերի 12-ին Եվրահանձնաժողովին եւ Բարձր ներկայացուցչին լիազորել է Հայաստանի հետ նոր, իրավաբանորեն պարտադիր եւ համընդգրկուն համաձայնագրի վերաբերյալ բանակցություններ սկսել։



























