Ռուսաստանը Թուրքիային է փոխանցել «Թուրքական հոսքի» պայմանագրի լրամշակված տեքստը, հայտարարել է էներգետիկայի նախարարի տեղակալ Անատոլի Յանկովսկին։ Նա ակնկալում է, որ մոտ ժամանակներս Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ խորհրդակցություններ կսկսվեն այդ հարցի վերաբերյալ։
«Մենք թուրք գործընկերներին առաջարկ ենք արել եւ ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս կկարողանանք խորհրդակցություններ անցկացնել միջկառավարական համաձայնագրի շուրջ, որը թույլ կտա Թուրքիայի ներքին օգտագործման համար լրացուցիչ 16 միլիարդ խպորանարդ մետր գազ մատակարարել։ Մենք հասկանում ենք, որ ստեղծված իրավիճակում, երբ Թուրքիայում նախատեսված են ընտրություններ եւ կառավարության փոփոխություն, մեր թուրք գործընկերների համար դժվար է նման որոշման պատասխանատվություն ստանձնել», - ասել է նա, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։
Հոկտեմբերին տեղի ունեցած իր ստամբուլյան այցն ամփոփելով՝ Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ասել է, որ «Թուրքական հոսքի» կառուցման վերաբերյալ բանակցությունները, չնայած թուրքական կառավարության առաջիկա փոփոխությանը, չեն կասեցվի եւ մոտ ժամանակներս ռուս մասնագետների խումբը Թուրքիա կուղեւորվի գազատարի կառուցման միջկառավարական համաձայնագրի տեքստի նախապատրաստման համար։
Ներկայումս դիտարկվում է «Թուրքական հոսքի» երկու ճյուղի կառուցման հնարավորությունը տարեկան ընդհանուր 31,5 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ, որոնցից մեկը նախատեսված կլինի Թուրքիայի շուկային գազի մատակարարման համար։





























