ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երեւան քաղաքի Սիլիկյան թաղամասում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։

Հոկտեմբերի 15-ին ահազանգ է ստացվել, որ  ավազակային հարձակում է տեղի ունեցել Սիլիկյան թաղամասում։ Նախնական քննության տվյալներով՝ 2015 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում,  մի խումբ անձինք ապօրինի մուտք են գործել Երեւան քաղաքի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի  տներից մեկը, կապել տան բնակիչներին ամուսիններ՝  Շ. Ալիյանին եւ Թ. Սադայանին, եւ, որպես զենք օգտագործվող դանակով վերջիններիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով,  պահանջել գումար։ Հափշտակելով 20.000 դրամ եւ ոսկյա զարդեր՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձինք դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերի հատկանիշներով:

Կատարվում է քննություն:  Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։