Երեւանում հոկտեմբերի 25-ի ուշ երեկոյան հնչած կրակոցների գործով կասկածյալներ եւ բերման ենթարկվածներ չկան: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հոկտեմբերի 25-ին Էրեբունի վարչական շրջանում հնչած կրակոցների դեպքի առթիվ, որի հետեւանքով 4 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ձեռնարկվում են ակտիվ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 23:40-ին, «Էրեբունի» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «որովայնի խոռոչի թափանցող հրազենային վնասվածք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1988թ. ծնված Վահագ Գեւորգյանը, ով հայտարարել է, որ հրազենային վնասվածք է ստացել «Մետաքսի» մոտ:

Հոկտեմբերի 26-ի գիշերը 3 ահազանգ է ստացվել թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1988թ. ծնված Վլադիմիր Գեւորգյանը, Արման Ավագյանը, 1984թ. ծնված  Արման Սրապիոնյանը:

Վլ. Գեւորգյանի մոտ ախտորոշվել է «Հրազենային կրակոց՝ փափուկ հյուսվածքների վնասումով աջ ազդրի շրջանում»,  Ա.Ավագյանի մոտ՝ «Հրազենային կրակոց՝ աջ ազդրի նստաներվի վնասումով»,  Ա.Սրապիոնյանի մոտ՝ «ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք»: Ըստ հայտարարությունների՝ նշված անձինք վնասվածքներն ստացել են «Մետաքսի» մոտ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 5 հատ պարկուճ, 7.62 տրամաչափի 1 փամփուշտ, 3 պարկուճ, գնդակների բազմաթիվ մասնիկներ, արյան հետքեր, վերցվել են փորձանմուշներ:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: