Ամեն տարի ավելի ու ավելի շատ մեքենա է ներկրվում Հայաստան, եւ ճանապարհներին անվտանգության հարցն ավելի արդիական է դառնում:
Սակայն անվտանգության հարցը վերաբերում է ոչ միայն վարորդներին, այլեւ հետիոտնին:
Վիճակագրության համաձայն, ՃՏՊ-ների շուրջ մեկ երրորդը բաժին է ընկնում հետիոտնի մասնակությամբ միջադեպերին: Նույն վիճակագրության համաձայն, այդ պատահարների զգալի մասի մեղավորը հենց հետիոտն է լինում:
Անվիճելի փաստ է, որ հայ հասարակությունը կարգապահության հետ կապված խնդիրներ ունի, նույնիսկ այնպիսի հարցերում, ինչպիսին անվտանգությունն է: Հազվագյուտ չեն տեսարանները, երբ մայրը երեխայի հետ փողոցն անցնում է չթույլատրված հատվածով՝ այնքան էլ լավ օրինակ չծառայելով մատաղ սերնդին:
Միաժամանակ, կան խնդիրներ, որոնք, թվում է, կարելի է լուծել եւ բարձրացնել ինչպես հետիոտնի, այնպես էլ վարորդների անվտանգության մակարդակը: Հետիոտնի համար նախատեսված անցումները գծանշված են ճանապարհների լավ լուսավորված հատվածներում, որպես կանոն՝ լուսակրի հարեւանությամբ: Բայց կան նաեւ անցումներ, որոնք կա՛մ վատ են լուսավորված, կա՛մ լուսավորված չեն ընդհանրապես: Անցումների անմիջական հարեւանությամբ լուսարձակների տեղադրումը զգալիորեն կբարելավեր իրավիճակը:




























