«Նաիրիտ» գործարանի նախկին եւ ներկա աշխատակիցներն այսօր՝ հոկտեմբերի 29-ին, գործարանի վերագործարկման եւ աշխատավարձերի տույժ ու տուգանքներից հրաժարվելու մասին պայմանագրերի չեղարկման պահանջով նամակ հանձնեցին նախագահական:
«Հանձնեցինք նամակը, մեզ նախագահականից ասացին, որ պատասխանը մեկ շաբաթից կլինի: Պայքարելու ենք, որ այդ ստրկացուցիչ պայմանագիրը չեղարկվի»,-ասաց Անուշ Հարությունյանը՝ ավելացնելով, որ դրական պատասխան են ակնկալում:
Նշենք, որ մի քանի տասնյակ նաիրիտցիներ նույն պահանջով այսօր հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց, ապա երթով շարժվել Բաղրամյան 26:
Հիշեցնենք, որ Կառավարությունը փոխանցել է բոլոր նաիրիտցիների աշխատավարձային պարտքերը տույժ ու տուգանքներից հրաժարվելու մասին պայմանագրի ստորագրումից հետո: Աշխատավարձերն ստանալուց հետո, սակայն, նաիրիտցիները պահանջում են չեղարկել այդ պայմանագրերը եւ փոխհատուցել տույժ ու տուգանքները:
Ձեռնարկությունը չի աշխատում 2010թ. ապրիլից: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն ասել էր, որ եթե լինի պոտենցիալ ներդրող, պետությունը պատրաստ է սառեցնել պարտքերը եւ վերագործարկել «Նաիրիտ» գործարանը:





























