Բրազիլիայում թմրաբիզնեսի համար 36 տարվա ազատազրկման դատապարտվածն անարգել հեռացել է բանտախցից եւ քիչ էր մնում` դուրս գար ուղղիչ հաստատության դարպասից` իր թատերական սպառազինության շնորհիվ. ծեր կնոջ ռետինե դիմակ եւ բարդ գրիմ: Թե նարկոբարոն Անտոնիո Ֆելիպեն ինչպես է կարողացել պրոֆեսիոնալ դերասանի աշխատանքային նյութեր ձեռք գցել, որոնք ցանկացածին 80-ամյա ծեր կնոջ են վերածում, քննիչները պիտի պարզեն:

Ինչպես հաղորդում է The Mirror-ը, Ֆելիպեն արտաքինից իրոք ծեր կնոջ տեսք ուներ, սակայն գաղութից դուրս գալիս նա ինքն իրեն մատնել էր` մի նշանակալի դետալ բաց թողնելով. իր բարձր հասակը: 

Զարմանալիորեն բարձրահասակ կնոջ տեսնելով` ոստիկանները նրան խնդրել էին փաստաթուղթ ներկայացնել եւ ասել, թե ինչ նպատակով է գտնվում ուղղիչ հաստատությունում: Խաբեությունը վերջնականապես բացահայտվել էր խուզարկության ժամանակ, չնայած գաղութի աշխատակիցները, որոնք դեմ առ դեմ զրուցել էին նրա հետ, մինեւ վերջ էլ ոչինչ չէին նկատել, տեղեկացնում է  Lifenews-ը:

Ֆելիպեին ուժեղացված հսկողությամբ վերադարձրել են բանտախուց: Քննություն է ընթանում: