Թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանը կարող է մոդել դառնալ մյուս երկրների համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստի ժամանակ նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Նիստը նախագահել է ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, մասնակցել են ՀՀ կառավարության, միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը ներկայացրել է ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի ուղղությամբ 2015 թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների, ոլորտի լուսաբանման համար 2015թ. անցկացվելիք մրցանակաբաշխության եւ այլ հարցերի մասին տեղեկատվություն։

Նիստի ընթացքում տեղեկացվել է, որ ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի 2016-2018թթ․ազգային ծրագիրը շուտով կներկայացվի խորհրդի քննարկմանը։ Վ․Կաժոյանը հայտնել է, որ Հայաստանն արդեն երրորդ տարին անընդմեջ, ըստ ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի տարեկան զեկույցի,  դասվում է առաջին խմբի երկրների շարքին: Ընդորում,  տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որ դասվել է առաջին խմբին։ Հայաստանը նույնատիպ հաջողություններ է գրանցել նաեւ Եվրոպայի խորհրդի մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբի (GRETA) տարեկան զեկույցում:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն իր ելույթում նախ եւ առաջ շնորհավորել է խորհրդին ձեռք բերած հաջողությունների համար՝ եւս մեկ անգամ կարեւորելով ՀՀ կառավարություն եւ ՀԿ-ների համագործակցությունը: Դեսպանը նշել է, որ այդ առումով Հայաստանը թրաֆիքինգի դեմ պայքարում կարող է մոդել հանդիսանալ այլ երկրների համար:

Խորհուրդը որոշել է մրցանակաբաշխության սկիզբը հայտարարել 2015թ․ նոյեմբերի 2-ը, իսկ արդյունքներն ամփոփել` մեկամիսանց: Նիստում քննարկվել են նաեւ այլ հարցեր։